ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հանդիպումը տեղի կունենա «3+3» ձևաչափով նիստի շրջանակում։
Բանակցություններ են նախատեսված նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։