ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքի տրանսպորտային ցանցը կկառուցի իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ տրանսպորտային ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով։
«Իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը ոլորտում հայտնի կազմակերպություն է, որը տրանսպորտային ոլորտում ունի միջազգայնորեն ճանաչված հեղինակավոր մոտեցում։ Ակադեմիական քաղաքի պես նախագծերի հաջողության գրավականը հենց տրանսպորտային կապվածությունն է և շարժունության հնարավորությունները»,– հայտարարեց նախարարը։
Կառավարության որոշման արդյունքում ԿԳՄՍՆ–ն կունենա «մաստեր պլան», և ակնկալվում է, որ տրանսպորտային հոսքերի առնվազն 4 տարբեր մոդելներ կմշակվեն իտալական ընկերության կողմից։ Դրա իրականացման ժամկետը 8 ամիս է սահմանվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ ակադեմիական քաղաքում տրանսպորտային շարժ կա՛մ ընդհանրապես չի լինելու, կա՛մ շատ սահմանափակ է լինելու։
«Ակադեմիական քաղաքի ներսում ավտոմեքենա ընդհանրապես նախատեսված չէ. դրանք տարածք մուտք կգործեն միայն մատակարարումներ, առաքումներ իրականացնելու համար` հստակ ժամանակային սահմանափակումներով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` քաղաքի շուրջը պետք է լինի շրջանաձև ճանապարհ, որպեսզի մարդիկ մեքենայով գան, հասնեն քաղաքի մոտ, իսկ արդեն ներսում կա՛մ ոտքով, կա՛մ հեծանիվով տեղաշարժվեն, իսկ մի կետից մյուսը կարողանան հասնել 15 րոպեում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում երկաթուղային կայարանից բացի կնախագծվի ակադեմիական քաղաքի ստադիոնն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։