Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեքշաբթի օրը անցկացված «Հայաստանում 2019-ից 2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ վիճաբանեցին «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նրանց վեճը վերաճեց փոխադարձ վիրավորանքների։ Կողմերին հանդարտեցնելու փորձ արեցին թե իշխող քաղաքական ուժի պատգամավորները և թե իրավապահ և ուժային կառույցների ղեկավարներ։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովի ամբիոնից հորդորեց Քյարամյանին` կալանքը չօգտագործել որպես ճնշման միջոց։ Քննչական կոմիտեի նախագահն էլ խնդրեց պարզաբանել, թե ինչու են երկու անգամ իրեն անձամբ դիմել Աղազարյանի տղայի քրեական գործով։ Այս խոսակցությունն էլ վերաճեց վեճի։
«Ազգային Ժողովում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ իշխանության ներսում հակասություններն այլևս անհաղթահարելի են, ինչը խոսում է իշխանության թուլացման մասին».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։