2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Նորակառույց Երևանում. Արխիվային լուսանկար
2029-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձը չի կիրառվելու ՀՀ բոլոր մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. 2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը` ներկայումս սահ­ման­ված 1․5 մլն դրամի փոխարեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն չի կիրառվելու բոլոր մարզերի վրա:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։
Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին գոտում 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս չի գործում հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործի ամբողջ Երևանում։