ՌԴ–ում 10 հազար քվեաթերթիկ կա Մոլդովայի կես միլիոն քաղաքացու համար. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովա
Մոլդովայում նախագահական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 20-ին, նույն օրը հանրաքվե կանցկացվի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում Մոլդովայի մոտ կես միլիոն քաղաքացի է ապրում, սակայն նրանց համար ընդամենը տասը հազար քվեաթերթիկ է պատրաստվել նախագահական ընտրություններին և Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին քվեարկելու համար։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք խոսում ենք կոնկրետ Մոլդովայի քաղաքացիների մասին, որոնք այստեղ աշխատում են, սովորում, ընտանիք են կազմել, բայց շարունակում են մնալ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ։ Միջինը` հինգ հարյուր հազար մարդ», - ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանում միայն 2 ընտրատեղամաս կբացվի՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, թեև ավելի վաղ հինգն էր նախատեսվել։ Նրա խոսքով` սա նախագահ Մայա Սանդուի ռեժիմի արժեքների արտացոլումն է։
«Թվացյալ դեմոկրատական, արևմտյան արժեքներով ապրող ​​Սանդուի ռեժիմը տասը հազար քվեաթերթիկ է տպել միայն Մոսկվայի և երկու ընտրատեղամասի համար։ Սա է էությունը, սա է կյանքի ճշմարտությունը։ Թող սա լինի այդ եվրոպական արժեքների վիճակի վերաբերյալ վերլուծության ցուցիչըը։ Այժմ պետք է այդ ըմբռնումը գոնե մի քանի օրով ամրապնդվի մեզ մոտ, որպեսզի ճիշտ ընտրություն կատարվի հօգուտ իրական արժեքների»,- եզրափակել է Զախարովան։
Մոլդովայում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 20-ին, նույն օրը հանրաքվե կանցկացվի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Հանրաքվեին միայն մեկ հարց է դրված. «Կո՞ղմ եք, որ ԵՄ–ին անդամակցելու համար փոփոխություններ կատարվեն Մոլդովայի Սահմանադրությունում»: Ընդդիմությունն ու հասարակական գործիչները սուր քննադատության են ենթարկել հանրաքվե անցկացնելու գաղափարը։
Եվրոպայի սրտում սկսվեց ընտրական թեժ աշունը. արդյոք չեզոք Ավստրիան «միջնաբերդ» կդառնա