Լիճքում 2 եղբայրներից մեկին սպանելու, մյուսին վնասելու գործով 2 անձ կալանավորվել է

Վիճաբանությունը տեղի է ունեցել վառելիքով տարաների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է 2 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 8–ին, Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ Հ․Բ,–ն, Գ․ Ա–ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ վիճաբանության ընթացքում մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել երկու եղբայրների: Վիճաբանությունը եղել է այն պատճառով, որ Հ․Բ–ին, Գ․ Ա–ին և ինքնությունը դեռևս չպարզված անձին պատկանող վառելիքով տարաները եղբայրները վերցրել են և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահել։
«Եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու համար, հոկտեմբերի 10–ին՝ ժամը 09:00–ի սահմաններում, հիշյալ անձինք, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց։ 41–ամյա տղամարդուն պատճառել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսին՝ 36–ամյա տղամարդու առողջությանը` միջին ծանրության վնաս»,– ասված է հաղորդագրությունում։
Տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ, իսկ հոկտեմբերի 11-ին 41-ամյա տղամարդը («պոլիտրավմա» ախտորոշմամբ) մահացել է։
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին ծեծի են ենթարկել ՓԲԸ աշխատակիցները։
Սպանության վայրը
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․–ի, և Գ․Ա․–ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ֆիզիկական ներգործության, սպանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։