ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իրանի զինված ուժերը գաղտնի զենք ունեն, որն ավելի հզոր է, քան միջուկային զենքը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) զարգացման և սպառազինությունների հանձնաժողովի նախկին քարտուղար, բրիգադային գեներալ Էբրահիմ Ռոստամին։
«Մեր ռազմական ներուժի մի հատվածը գուցե շատերն են տեսել, հնարավոր է նաև ամբողջ աշխարհը, բայց ոչ ոք չի տեսել դրա գաղտնի հատվածը։ Ես բացեիբաց հայտարարում եմ, որ մենք ավելի հզոր զենք ունենք, քան ատոմային ռումբն է»,– այս մասին հայտնում է Asr-e Iran գործակալությունը` մեջբերելով Ռոստամիի խոսքերը։
Ավելի վաղ 39 իրանցի խորհրդականներից բաղկացած խումբը դիմել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին` կոչ անելով թույլատրել միջուկային զենքի մշակումը։
Իրանը տևական ժամանակ հայտարարում էր իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին` պնդելով, որ դրա նպատակը էներգետիկայի և բժշկական տեխնոլոգիաների զարգացումն է։ Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում Թեհրանը պարտավորվել է զգալիորեն սահմանափակել իր միջուկային գործունեությունը` պատժամիջոցների վերացման դիմաց։ 2018 թվականին, սակայն, համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալուց և պատժամիջոցների վերականգնումից հետո Իրանն աստիճանաբար կրճատել է իր պարտավորությունների կատարումը: