Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ կալանավորվել էր նաև Բալասանյանի կրտսեր որդին` Խաչատուր Բալասանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Մեղադրյալների թվում է նաև նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ 2023 թ. տարեվերջին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է սկսել Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։ Դատախազությունը պահանջում էր Գյումրի քաղաքի Սև բերդի հարևանությամբ` Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողերում Խաչատուր Բալասանյանին պատկանող հողերի հետ կապված հետ վերացնել ավագանու, քաղաքապետի այն որոշումները, որոնցով օտարվել են այս հողերը։
Նշվում է, որ Սամվել Բալասանյանը 2012 թվականին է ձեռք բերել «Սև բերդը»` նպատակադրվելով հարակից հողերն էլ դարձնել սեփական ընտանիքինը։
«Այդ նպատակով 2014 թվականին, խախտելով իր պաշտոնեական դիրքը (2012-2022 թթ. Գյումրու քաղաքապետն էր – խմբ.), «Սև բերդի» հարակից հողատարածքներից մի հատվածը բաժանել է 2 մասի։ Այդ տարածքները պետական սեփականություն էին հանդիսանում, տրված էին ՊՆ–ին անհատույց օգտագործման, բայց իրեն փոխկապակցված անձի` Սուրեն Ջանոյանի միջոցով ՊՆ–ից ձեռք է բերել տվյալ հողատարածքը»,– ասել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննչական գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը։
Քննիչը նշել է, որ այդ ժամանակվա փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ կեղծ փաստաթղթեր է կազմել այդ հողատարածքի վերաբերյալ, այնուհետև փոխվել է հողերի նպատակային նշանակությունը։ Այդ գործընթացներից 1 տարի անց Սուրեն Ջանոյանը տվյալ հողատարածքը վաճառել է Խաչատուր Բալասանյանին։ Ջանոյանն այդ տարածքը ձեռք է բերել 13 մլն դրամով, բայց Բալասանյանին վաճառել է 4 մլն 900 հազար դրամով։
Քննիչը հեռուստաընկերությանը հայտնել է նաև, որ գրեթե նույն սխեմայով ամրոցից հարակից տարածքի ևս մի հատված է մասերի բաժանվել։ Ըստ մեղադրանքի` 2019 թվականին օտարման ձևական աճուրդի, ձևական գործարքների միջոցով մոտ 15 մլն դրամով դարձել է Բալասանյանին փոխկապակցված անձի` Սիրական Մկոյանին սեփականությունը։ Շուրջ 2 ամիս անց այդ հողատարածքը վաճառվել է Խաչատուր Բալասանյանին։
Այսպիսով` Սամվել Բալասանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 2 դրվագով էլ խոշոր չափերի փողերի լվացման համար։ Բալասանյան կրտսերն էլ խոշոր չափերի փողերի լվացման համար է մեղադրյալ։
Վարույթով 5 մեղադրյալ կա. Բալասանյաններից բացի մեղադրյալներ են Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետերն ու ևս մեկ անձ։
Նշվում է, որ Սամվել Բալասանյանն այժմ երկրում չէ։