ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Երևանի վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում` Երևանում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի 100–150 տոկոսի չափ տեղում։
«Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը»,– գրել է Կոստանյանը։
Նրա խոսքով` հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։ Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ուժերը։
Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։