Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում համընդհանուր պատերազմի ռիսկի մասին

Անկարան մեծ կարևորություն է տալիս Մերձավոր Արևելքի կայունությանը տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի գործողությունները կարող են տարածաշրջանը վերածել համընդհանուր պատերազմի գոտու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով` Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և գնահատում է Իրաքի իշխանությունների ջանքերը երկիրը Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտությունից հեռու պահելու ուղղությամբ:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահ»-ի ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, այնտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ներառյալ շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: