«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Զախարովան նշել Է, որ այս ձևաչափը մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի ներկայացուցիչների ջանքերի համակարգման արդյունավետ մեխանիզմ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու այս ձևաչափով հանդիպմանը, որը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:
«Այս ձևաչափը նաև առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է», - ասել է Զախարովան:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ միջոցառման շրջանակներում ՌԴ ԱԳ նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
Հիշեցնենք, որ Երևանը հաստատել է իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը: Sputnik Արմենիային Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ պաշտոնական Թբիլիսին չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։