Ո՞րն է Միքայել Արզումանյանին կալանքի տակ պահելու հիմքը. պարզաբանում է Քյարամյանը

Միքայել Արզումանյան
Արգիշտի Քյարամյանը վստահեցնում է, որ իրավապահ համակարգը փորձել է վերմարդկային օբյեկտիվություն ցուցաբերել 44–օրյա պատերազմի գործով ցանկացած քրեական վարույթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանը նախաքննության ընթացքում տասնյակ փաստարկներ է բերել, տասնյակ մարդկանց է վկայակոչել, որոնք ստուգվել են, ու պարզվել է, որ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Սա էլ եղել է նրան կալանքի տակ պահելու հիմքերից մեկը»,– նշեց նա։
Արզումանյանի մասին հարցը Քյարամյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նշելով, որ Միքայել Արզումանյանի գործը քաղաքական նպատակահարմարություն է եղել։
«Ուղղակի սպայի պատվի համար ամեն ինչ արեք, որ նրա խափանման միջոցը փոխվի։ Ուղղակի դա ահավոր բան է»,– ավելացրեց Մանուկյանը` խոսքն ուղղելով Քյարամյանին ու ուժային մյուս կառույցների ղեկավարներին։
Ի պատասխան Արգիշտի Քյարամյանը ավելացրեց, որ իրավապահ համակարգը փորձել է հնարավորինս վերմարդկային օբյեկտիվություն ցուցաբերել 44–օրյա պատերազմի գործով ցանկացած քրեական վարույթով։
«Ես կարող եմ նաև թույլ մարդկային և տղամարդկային հարաբերությունների մակարդակում այս հարցին պատասխանել, այդ թվում` անձամբ Արզումանյանի հետ մեր ունեցած զրույցներից ելնելով»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` Արզումանյանի` տվյալները խեղաթյուրելու և վկաների վրա ազդեցություն ունենալու քայլերը ոչ միայն հարցաքննություններով են հիմնավորվել, այլ նաև այլ գործողությունների արդյունքով։
«Հետևաբար այդ առումով և՛ օրենքի, և՛ մեր խղճի առաջ շատ պարզ ենք։ Դա ես եմ ձեզ ասում. ես ճանաչում եմ Միքայել Արզումանյանին անձամբ։ Ինձ համար մարդկային շփումներն ու անձնական հարաբերությունները շատ բարձր նշանակություն ունեն»,– ընդգծեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվեց սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ: