ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում վերջին 1 շաբաթում արձանագրել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր, որոնք նախորդ շաբաթվա համեմատ աճել են 22.5%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով»,– հայտնում է նախարարությունը:
Նշվում է, որ սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։
«Հոկտեմբերի 7–13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ` ցածր է 1.1 անգամ։ Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները»,– ասված է հաղորդագրությունում։
Համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, խուսափել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ։
Գերատեսչությունը նաև կոչ է անում չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային։