ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագրի ներքո մեկնարկում է «ՌեԱնիմանիա» պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը, որի շրջանակում 1 շաբաթում շուրջ 300 ֆիլմ է ցուցադրվելու:
ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց` ընդհանուր առմամբ մոտ 500 ֆիլմ է ներկայացվել փառատոնին մասնակցության համար:
Վրեժ Քասունի
© Sputnik
«Մեր ընտրած շուրջ 250–300 ֆիլմերը և՛ հեռուստատեսային են, և՛ կարճամետրաժ, և՛ այլ ժանրերի: Հայ ռեժիսորները ավելի քան 10 ֆիլմ են ներկակացրել, այս տարի 3 հայկական ֆիլմ է լինելու փառատոնի շրջանակում։ Այս տարվա մրցույթին 14 ֆիլմ է մասնակցելու։ Առհասարակ, փառատոնի ժամանակ 35 հյուր ենք ունենալու, վարպետության դասեր են անցկացվելու»,- նշեց Քասունին:
Նա նաև նշեց, որ նոր ներդրումներ են արվել փառատոնի շրջանակում, ինչի շնորհիվ «ՄարԱնի» անիմացիոն ցուցահանդեսն է լինելու, որն անցկացվելու է հոկտեմբերի 21-24-ը AGBU-ում: Այնտեղ միջազգային վարպետներ և բանախոսներ են լինելու Ֆրանսիայից, եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունից։
Հաջորդ կարևոր նախագիծը, որ լինելու է «ՌեԱ»–ի շրջանակում` պատկերապատման ժանրի «ՌեԱ Կոմիքս»–ն է, ինչի շնորհիվ տպագրվում են Հայաստանի և սփյուռքի հայերի գրքեր։
««ՌեԱ»փառատոնի շրջանակում այս տարի կսկսենք «ՌեԱ կոմիքս»–ի մատենաշար։ Այս տարի մենք 2 գիրք ենք հայերեն թարգմանում, որոնցից մեկը գերմանական է` բռնցքամարտի մասին, իսկ մյուսը Ֆրանսիայում դեռ նոր լույս տեսած գիրք է, որը նվիրված է Միսաք և Մելինե Մանուշյաններին։ Հոկտեմբերի 23-ին շնորհանդեսը կլինի»,– նշեց Քասունին։
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսն էլ իր խոսքում ասաց, որ մշտապես աջակցում են «ՌեԱնիմանիա» փառատոնին։ Տուղսը շեշտեց` Ֆրանսիան շատ է կարևորում այս փառատոնը, քանի որ հնարավորություն է ընձեռվում ֆրանսիական ֆիլմերը ցուցադրել Հայաստանում, ինչպես նաև դուրս գալ միջազգային հարթակ։ Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդն ընդգծեց` անիմացիոն ֆիլմերի արտադրությունը Հայաստանում գերազանց մակարդակի վրա է։
Դավիդ Տուղս
© Sputnik
«Ֆրանսիայից ցուցադրվելու է 2 ֆիլմ։ Նրանցից մեկը «Ամենածանր բեռը» ֆիլմն է, որն այս տարի ներկայացվել է «Կաննի» փառատոնի ընտրանու ժամանակ։ Երկրորդն էլ կոչվում է «Հոսք», որի հեղինակը լատվիացի է, բայց ֆրանսիական համարտադրության է, «Անսի» անիմացիոն փառատոնին էլ մրցանակի է արժանացել։ Մենք աջակցում ենք նաև, որ ֆրանսիացի անիմատորները ժամանեն Հայաստան հետագա համագործակցության համար»,– ասաց Տուղսը։
Փառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը քաղաքապետարանի հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը նշեց, որ փառատոնի շրջանակում Ֆիլմերի համարտադրողներին խրախուսական մրցանակներ են տրվելու. առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում՝ 1 մլն դրամ, երկրորդ տեղի համար՝ 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղի համար՝ 400 հազար դրամ:
Գևորգ Սահակյան
© Sputnik
Փառատոնի վերջին օրը նույնպես մրցանակներ լինելու են: