Ուկրաինայում և Իտալիայում ՀՀ դեսպանների փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

Վլադիմիր Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի դեսպանը կմեկնի Իտալիա, շրջանառվում է նաև նրա իրավահաջորդի անունը Կիևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իտալիայում և Ուկրաինայում ՀՀ դեսպանների փոփոխություններ են սպասվում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա»,– գրում է թերթը։
Կարապետյանը դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին` 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետ կանչելու, ո՛չ էլ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն և ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել:
«Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն ևս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթևոսյանն է Կիև գործուղվելու» ,– գրում է թերթը։
Համբարձում Մաթևոսյանը. Արխիվային լուսանկար
Համբարձում Մաթևոսյանը «Հրապարակին» ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին, ինքը շարունակում է վարչապետի խորհրդական լինել ու այդ կարգավիճակում էլ իրեն շատ լավ է զգում։
Նշվում է, որ Մաթևոսյանը սովորել է արտերկրում և աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում` 2013-2015 թթ․ աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվել է 2022-ի դեկտեմբերին` ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։