Իշխանությունների «սրտի օլիգարխը» այժմ էլ գրավում է ձվի շուկան. «Փաստ»

Ձու. Արխիվային լուսանկար
Ըստ թերթի` Նարեկ Նալբանդյանի հյուրանոցային բիզնեսը և օղու արտադրությունը նույնպես սրընթաց վերելք են ապրում ու գրավում իրենց ոլորտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Նարեկ Նալբանդյանն իր «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրությամբ այժմ էլ գրավում է ձվի շուկան։ Տեղեկությունը հայտնում է «Փաստ» օրաթերթը։
«Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսները սրընթաց գրավում են իրենց ոլորտները: Օրինակ՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան վերջին շրջանում դարձել է ձվի արտադրության առաջատարը: Ճիշտ է, այս ընկերությունը գերիշխող դիրք չունի, բայց արտադրության ծավալներով շուկայի առաջատարն է: Այս հանգամանքը որոշակի անհանգստություններ է առաջացրել դաշտի այլ խաղացողների շրջանում, քանզի ոլորտը բավականին մրցակցային է, և դժվար է «տեղավորվել» առաջարկվող գին-որակ հարաբերակցության առումով»,– գրում է թերթը:
Նշվում է նաև, որ Նալբանդյանի այլ բիզնեսները` Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» (այժմ` Eighty Eight Hotel and Spa) հյուրանոցային համալիրը, ինչպես նաև «Նալբանդյան» օղիները գնալով ավելի են զարգանում։
Թերթը գրում է, որ Ծաղկաձորի հյուրանոցային համալիրը դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը, Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից է։
Օղիների արտադրությունն էլ կարճ ժամանակում դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը։