Ինչու է Հայաստանը չարացնում «իրանական առյուծին». Թեհրանը սկսում է նյարդայնանալ

Իրանցիները հասկանում են, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների փուլային փոխարինումը, իհարկե, նոր ռիսկեր է պարունակում Իրանի ազգային անվտանգության համար:
Sputnik
Հայաստանյան ներկայիս իշխանության՝ հայ-ռուսական հարաբերությունների արժեզրկմանն ուղղված համակարգային քայլերից հետո հերթը հասել է Իրանին։
Դա սպասելի էր, քանի որ արտաքին քաղաքականության ոլորտում վերջին տարիներին հայկական իշխանությունների գործողությունները հանգում են սպասարկելու բացառապես հավաքական Արևմուտքի շահերին, որոնք «տարօրինակ» ձևով համընկնում են թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական նպատակների հետ։
Հիշեցնենք նաև, որ Արևմուտքի առանցքային պահանջներից է Իրանին շրջափակելը/վերահսկելը/պրեսինգը:
Եկեք պարզապես հիշենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով տխրահռչակ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, որը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արշալույսին շատ ուղիղ և կոշտ հրահանգեց կամ խորհուրդ տվեց (ում ինչպես դուր է գալիս) հայկական իշխանություններին՝ նախաձեռնել հայ ժողովրդի պատմական հիշողության համահարթեցման և եվրասիական վեկտորի (Ռուսաստան և Իրան) հետ հարաբերությունների փուլային, բայց հնարավորինս արագ խզման գործընթացները՝ ի շահ թուրքական (իմա՝ եվրատլանտյան) շահերի։
Եթե որևէ մեկը մոռացել է, ապա հիշեցնեմ, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ փաշինյանական իշխանությունը կանխատեսելիորեն նետվել էր նախանձախնդրորեն կատարելու Բոլթոնի «արժեքավոր հրահանգներին» համապատասխանող ամերիկյան հրամանները։
Օրինակ, ի՛նչ արժե նույն Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, ով միանգամայն իզուր հայտարարում էր իրանական սահմանի փակման հնարավորության մասին, ընդ որում այնպիսի անհեթեթ փաստարկներ էր բերում, որ միանգամից հասկանալի էր դառնում «թավշյա» հեղափոխականների հակաիրանական հարձակումների պատվիրված բնույթը։
Հիշենք վերջին օրինակներից՝ հենց այս օրերին, երբ Իրանը սպասում է իսրայելա-ամերիկյան կոալիցիայի հարվածին, Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Երևանում մեծ շուքով ընդունում են Պենտագոնի՝ եվրասիական մայրցամաքի գծով հետախուզության տնօրեն Պատրիկ Պրայորին:
Դե, իսկ օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին ուղղված շնորհավորական նամակում մատնանշել էր Հայաստանի և ՆԱՏՕ-ի կողմից բազմաթիվ հարցերի լուծման տեսլականի համընկնումը:
Վերջին դեպքերից, իհարկե, չի կարելի չհիշել հայ-իրանական սահմանի անցակետը Հայաստանի կողմից վերահսկելու Փաշինյանի որոշման մասին։
Իրանցիները հասկանում են, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների փուլային փոխարինումը, իհարկե, նոր ռիսկեր է պարունակում Իրանի ազգային անվտանգության համար: Ի դեպ, նման որոշումները ոչ մի կապ չունեն Հայաստանի ինքնիշխանության կամ անկախության հետ։
Իրանցիները հասկանում են նաև, որ հայկական իշխանությունները Հայաստանը փուլ առ փուլ վերածում են թուրք-ադրբեջանական «проходной двор»-ի, որը կգտնվի նույն եվրոամերիկացիների վերահսկողության ներքո։
Ինչու՞ է դա արվում Փաշինյանի թիմի կողմից։
Վարկածները շատ են, բայց հիմնականներից մեկն այն է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ամերիկյան կամ եվրոպական հրահանգիչները, պատկերավոր ասած, «շոյեն իրենց գլուխը»՝ Հայաստանում իշխող ուժի քաղաքական կենսունակությանն ակտիվ արևմտյան աջակցության հեռանկարով։
Ցինիկ է, չէ՞:
Առավել ևս, որ նույնիսկ թունդ «փաշինյանականի» համար հասկանալի է, որ Իրանի ուղղությամբ Հայաստանի թուլացումը թուրք-ադրբեջանական տանդեմին մղում է հայկական պետականությանը հարվածելու գայթակղությանը։
Ես հիմա չեմ վերլուծի ռուսական կողմի դրդապատճառները հայ-իրանական սահմանի անցակետից դուրս գալու որոշման առումով․ մեզ պետք է շատ ավելի հետաքրքիր լինի, թե ինչ է լինելու հետո, և այլ ինչ ռիսկեր են մեր գլխին բերելու հայաստանյան ներկայիս իշխանությունները։
Ստեղծված իրավիճակը «լարու՞մ» է իրանցիներին։
Իհարկե։
Արդյոք Հայաստանն իր հարավային սահմաններին կորցնու՞մ է իրանական «անվտանգության բարձիկը»։
Անշուշտ։
Ինչով է դա հղի:
Ոչ մի լավ բանով, և դա շատ, մեղմ ասած, վտանգավոր է երկրի համար։