Հայաստանում 47 ոստիկան աշխատանքից ազատվել է թմրանյութ օգտագործելու համար. ՆԳ նախարար

ՀՀ–ում ոստիկանության աշխատակիցներն անցնում են ատեստավորում, որի պարտադիր պահանջներից մեկը թմրանյութերի թեստ հանձնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում այս տարի 47 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու համար։ Այս մասին «ՀՀ–ում 2019–2024 թթ ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել. Նիկոլ Փաշինյան
Նախարարը նշեց, որ ոստիկանությունում այժմ ընթանում է ատեստավորման գործընթաց, որի պարտադիր պահանջներից մեկը թմրանյութերի թեստ հանձնելն է:
Այս ստուգումների արդյունքում են աշխատանքից ազատվել այդ 47 ոստիկանները։
Նախարարի խոսքով` վերջին 5 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46.6 տոկոս։

«2023 թ–ի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4564 դեպքից 1811–ը հայտմնաբերվել են պարեկային ծառայողներ»,– ընդգծեց Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ 2021–23 թթ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության համացանցային 631 դեպք է բացահայտվել։ Այս ուղղությամբ աշխատանքները համակարգելու համար ՀՀ ՆԳՆ–ն համագործակցում է քննչական կոմիտեի հետ, և ձևավորվել է նաև համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում։
Ղազարյանը խոստացավ` շուտով այս ուղղությամբ բազմաթիվ բացահայտումներ կլինեն։
10 անգամ բռնել ենք ավտոպահեստամասեր գողացող նույն խմբին, սակայն բաց ենք թողել. ՆԳ նախարար