Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցում համաձայնության հասնելու շեմին են: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին հայտարարել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում, որն անցկացվել է Ժնևում։
«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 13 կետի շուրջ»,– ասել է նա։
Սիմոնյանի խոսքով` կատարյալն այլևս չպետք է լինի լավի թշնամին:
«Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է։ Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար»,- ավելացրել է ԱԺ նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Հայաստանն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի 16 կետից 13–ը, իսկ հետո վերջնական տեսքի բերել ու համաձայնության գալ մյուս 3 կետի շուրջ։ Բաքուն մերժել է։