Գնել Սանոսյանը Թուրքիայում է. նա վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ ապաշրջափակել կապուղիները

Գնել Սանոսյան
ՏԿԵ նախարարը Ստամբուլում մասնակցում է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թուրքիայում։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ստամբուլում մասնակցում է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։
Իր ելույթում նախարարը խոսել է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծման մասին։
«Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է Սանոսյանը։
Նա վերահաստատել է հայկական կողմից դիրքորոշումը՝ իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիներն ապաշրջափակելու, նորերը ստեղծելու պատրաստակամությունը։
Նախարարը հավելել է, որ ըստ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջին անգամ ներկայացրեց 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած համաժողովի ժամանակ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի ավելացման հաշվին: Այդ նախագծի շրջանակում Երևանը նախատեսում է աշխատել Ասիայից Իրանի ու Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ, որից հետո հնարավոր կլինի մուտք գործել Սև ծով, այնուհետև՝ եվրոպական երկրներ: