Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար

Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտա-լոգիստիկ, ագրարային, ֆինանսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությունն ամրապնդելու հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանը պատրաստ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար։ Այս մասին Ղազախստանում պաշտոնական այցով ներկա գտնվող հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա նշել է, որ Աստանան հետաքրքրված է հայ–ղազախական համագործակցությունը որակապես նոր մակարդակի դուրս բերելու հարցում։ Տոկաևը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
«Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով ստուգված մտերիմ գործընկեր է։ Մեր ժողովուրդներին ամուր բարեկամություն, ընդհանուր պատմություն և նման մշակութամարդասիրական արժեքներ են կապում։ Գոհունակությամբ նշում եմ բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների դինամիկ և հետևողական զարգացումը», – ընդգծել է Տոկաևը։
Նրա խոսքով` Աստանայում այսօր կմեկնարկեն Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերը, իսկ 2025 թվականին Հայաստանում կանցկացվի Ղազախստանի մշակույթի տասնօրյակը։
Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտա-լոգիստիկ, ագրարային, ֆինանսական, հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտներում փոխգործակցությունն ամրապնդելու հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող արդիական հարցեր։
Հիշեցնենք, որ Ղազախստանի միջնորդությամբ Ալմաթիում մայիսի 10-11-ը կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարնների բանակցությունները։
Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր. ԿԳՄՍ նախարարը Աստանայում է