Ձորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար սպանել է մորաքրոջ որդուն. նա կալանավորվել է

Կալանք. Արխիվային լուսանկար
42–ամյա բնակիչը, դանակով կտրելով ազգականի պարանոցին առկա 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը, հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42–ամյա բնակիչը սպանել է մորաքրոջ որդուն, գողացել նրա ոսկյա շղթան։ Նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 42–ամյա բնակիչն իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում, տեսնելով նրա պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է սպանել նրան և հափշտակել այն:
«Հոկտեմբերի 8–ին՝ ժամը 14:00–ի սահմաններում, նա այցելել է ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով նրանից կացին է խնդրել։ Պարզելով, որ տանը կացին չկա, որոշել է գնալ իր տուն, վերցնել մուրճը ու վերադառնալ։ Մուրճը, թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00–ի սահմաններում նա վերադարձել է ազգականի տուն, մուրճով մի քանի հարված հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և սպանել նրան»,– ասված է հաղորդագրության մեջ:
Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով նրա պարանոցին առկա 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Քննչականից հայտնում են, որ 42–ամյա տղամարդը այնուհետև գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը վաճառել 65.000 դրամով:
42-ամյա տղամարդու նկատմամբ մեղադրանք է ներկայացվել սպանություն` շահադիտական դրդումներով և ավազակություն։ Նախաքննությունը շարունակվում է: