ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել Սիրիայի Էլ–Հասաքայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան

Ամերիկացի զինվորականները շարունակում են ուժեղացնել ՀՕՊ համակարգերը Սիրիայի տարածքում տեղակայված իրենց բազաներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Սիրիայի հյուսիսային Էլ-Հասաքա նահանգի «Խարաբ ջիր» օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիական աղբյուրը:
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր ռազմատրանսպորտային ինքնաթիռի վայրէջքի պահին հարձակվել են «Խարաբ ջիր» օդանավակայանում գտնվող ամերիկյան բազայի վրա»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը Սիրիա էր բերել ՀՕՊ համակարգի բաղադրիչներ։
«Հարձակումը կատարել են երեք կամիկաձե դրոններ։ Բազայում մի քանի պայթյուն է որոտացել»,- հավելել Է աղբյուրը։
Նրա տվյալներով՝ երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը խոցվել են։
Ամերիկյան զինվորականները շարունակում են ուժեղացնել հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայի իրենց բազաներում, որոնք գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռակոծությունների և ԱԹՍ-ների հարձակումների:
Իսրայելն օդից հարվածել է Դամասկոսի շենքերից մեկին. կան զոհեր և վիրավորներ