Ադրբեջանը պատասխան առաջարկ դեռ չի արել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը` խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ ԱԳՆ
Օգոստոսի վերջին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել նախագծի 10-րդ խմբագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկ դեռ չի ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել»,- հայտնեց Բադալյանը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է օգոստոսի վերջին ՀՀ-ի կողմից Ադրբեջանին փոխանցված պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությանը։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը, Երևանն առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարեց, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողությունները որակեց «ոչ ադեկվատ և պարզունակ»։