Հակառուսական մոլուցքի մեջ Գրիգորյանը կորցրել է իրականության զգացողությունը։

Sputnik
«Հայաստանում բրինձը կարող է դառնալ ռազմավարական ապրանք ցորենի փոխարեն» Երևանում անցած շաբաթավերջին անցկացված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` մտածելով երկրի անվտանգության մասին՝ պետք է հաշվի առնել ոչ միայն պաշտպանական ասպեկտը, այլև ռազմավարական նշանակության ապրանքները։
«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք։ Սա պետք է ներկա և ապագա մարտահրավերները հաղթահարելու համար».-մանրամասնել է Գրիգորյանը։
Ցորենի հիմնական մատակարարը Հայաստանին Ռուսաստանն է։ Նկատենք, որ ըստ պետեկամուտների կոմիտեի` 2023 թվականին Հայաստան է ներկրվել 343674 տոննա ցորեն և 9882 տոննա բրինձ։
Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ սննդում ցորենը բրձնով փոխարինելու համար պետք է մի ամբողջ մշակույթ փոխել, իսկ հայերը չինացի կամ ճապոնացի չեն, և պատրաստ չեն այդպիսի փոփոխության, քանի որ հայերի սննդակարգում հիմնականում ցորենի ալյուրով պատրաստված ուտեստներն են։
«Հակառուսական մոլուցքի մեջ Արմեն Գրիգորյանը կորցրել է իրականության զգացողությունը».-արձանագրել է գյուղատնտեսության նախկին նախարարը։