Սպառել եմ վստահությունս Փաստաբանների պալատի հանդեպ․Կոչուբաև

Փաստաբանն ընդգծել է, որ խնդիրը չէր տեղափոխի հանրային տիրույթ, եթե երկու դրվագով իր նկատմամբ չկիրառվեր խտրական վերաբերմունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթը ընտրողաբար է կիրառում։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Այսօր ստացա Փաստաբանների պալատի նախագահի հերթական որոշումը, որով իմ և «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության աշխատակիցների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Հայտնում եմ իմ խորին մտահոգությունը պալատում տիրող մթնոլորտի և կարգապահական վարույթի՝ որպես պատժիչ գործիքի ընտրողաբար կիրառելու վերաբերյալ։ Փաստական հանգամանքների լիարժեք հավասարության պայմաններում պալատը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իմ նկատմամբ և հավասար հանգամանքների պայմաններում ցուցաբերում է անհավասար մոտեցում»,-գրել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ խնդիրը չէր տեղափոխի հանրային տիրույթ, եթե երկու դրվագով իր նկատմամբ չկիրառվեր խտրական վերաբերմունք։

«Հրապարակային հայտնում եմ, որ ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ և հրաժարվում եմ ֆիզիկապես մասնակցել կարգապահական վարույթին, իսկ գրավոր ապացույցներ ներկայացնելս հետապնդում է դատական պաշտպանության ընթացքում փաստեր ներկայացնելու նպատակ»,-գրել է նա։

Փաստաբանը ՓՊ նախագահին կոչ է արել փաստաթուղթ ստորագրելիս ընթերցել դրա պարունակությունը։
Նշենք, որ վարույթը հարուցվել է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման հատկանիշներով։
Նշենք, որ Հայաստանի փաստաբանների միության և Փաստաբանների միջազգային միության միաձուլման հետևանքով 2005 թվականին ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատը։
2021 թ. հոկտեմբերի 5-ից Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը Սիմոն Բաբայանն է։