ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունն առաջարկում է միգրանտներին ներգրավելու համար ներդնել կազմակերպչական հավաքագրման մեխանիզմ։ «Վեդոմոստի» թերթի հետ զրույցում այս մասին ասել է գերատեսչության ղեկավար Անտոն Կոտյակովը` նշելով, որ աշխատանքի արտոնագիրը` որպես միգրանտներին ներգրավելու գործիք, իր դերը կատարել է, և այսօր այդ ինստիտուտը փոփոխման կարիք ունի։
Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է կառուցել օտարերկրյա աշխատուժի գործարկման քաղաքակիրթ մոդել, և աշխատանքի նախարարությունը ՆԳՆ-ի հետ մշակում է համակարգը կարգավորելու տարբերակներ։
«Ազատ տեղաշարժը, ազատ մուտքը երկիր և հետո անհասկանալի պայմաններով աշխատանքի երկարատև փնտրտուքը սխալ է», – կարծում է Կոտյակովը:
Նա նշել է, որ գործող մոդելը որոշակի ռիսկեր է ստեղծում նաև բիզնեսի համար։ Կոտյակովի խոսքով` չնայած այն հանգամանքին, որ գործատուներն են հոգում միգրանտների ուսուցման, բժշկական հետազոտություն անցնելու ծախսերը, նրանք երաշխիք չեն ստանում, որ աշխատողը կկատարի պայմանավորվածությունները և չի գնա աշխատանքի այլ վայր։
Օրինակ՝ ծառայությունների ոլորտըմիգրանտներին հետ է մղում շինարարության, մշակող արդյունաբերության բնագավառներից։
Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյն ավելի վաղ հայտարարել էր, որ այժմ ավելի քան 6 մլն օտարերկրյա քաղաքացի է գտնվում երկրում: