Փաշինյանը ՌԴ ԱԴԾ գործառույթի մասին խոսելիս կեղծիք է առաջ մղում․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Աբրահամյանի խոսքով՝ վերահսկողությունը ենթադրում է ոչ միայն մոնիտորինգ, այլև իրադրության կառավարում, որն էլ կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ տված պարզաբանումները ոչ միայն հակասում են նախորդիվ արված մեկնաբանություններին, այլև ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներով են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը։
Հոկտեմբերի 12-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» դասախոսության ժամանակ Փաշինյանը խոսել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նա ասել էր, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ–որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ-ն կատարում իր պարտավորությունները։ Փաշինյանը հավելել էր՝ չի կարող լինել, որ ՀՀ-ի 1 ք/մ-ի վրա սահմանվի որևէ այլ իրավազորություն։
Աբրահամյանը նշել է, որ մոտ 3 տարի է՝ Փաշինյանը փաստաթղթի այդ կետում, այսպես ասած, ՌԴ-ի ներկայությունը ընդհանրապես չէր տեսնում ու ակնհայտ մանիպուլյացիայի էր գնում, հիմա էլ հիշել է, որ ՌԴ-ին վերապահված գործառույթ կա ու այսպես ձևակերպել` «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները»:
«Այստեղ էլ մեկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին` նշում է, որ Հայաստանի տարածքով (դեպի Սյունիք) անցնող կոմունիկացիայի վրա ռուսների գործառույթը որպես մոնիտորինգ անող է ներկայացված: Ու սա այն դեպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայության ֆունկցիան ո´չ թե մոնիտորինգ է սահմանված, այլ որպես վերահսկողություն: Արդյոք Փաշինյանը չգիտի՞ մոնիտորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը կամ բացատրությունը` բացվածքով. վստահ եմ` շատ լավ գիտի, սակայն հերթական կեղծիքին է գրում»,- ընդգծել է Աբրահամյանը։
Քաղաքագետի խոսքով` վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է ոչ միայն մոնիտորինգ, այլև իրադրության կառավարում, ինչը կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:
Ըստ Աբրահամյանի՝ եռակողմ փաստաթղթի վերաբերյալ ցանկացած հիշատակում կամ քննարկում պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` Ադրբեջանի չիրականացրած պարտավորությունների շրջանակներում` Արցախում արցախցիների ներկայություն, նրանց անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջև անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:
Քաղաքագետը նշել է` այլ հարց, թե ինչու է Փաշինյանը «հիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրույթում ՌԴ ներկայության մասին։
«Դա ոչ պակաս կարևոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ»,– եզրափակել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ: