ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1–ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ «MAN», «ZhongTong» և «GazelCity» մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման կլինի 100 դրամանոց մետաղադրամով կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում կատարելը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ այս քայլն իրականացվում է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում։
«Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1–ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։ Ըստ այդմ՝ վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու»,– գրել է Կոստանյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ վերջին 4 ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հասույթը կազմել է 2 մլրդ 818 մլն դրամ` նախորդող 4 ամիսների համեմատ ավելանալով 3․9 %–ով:
Բացի այդ, միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա աշխատանքային օրերին հավաքագրվող հասույթը օրական կազմել է 30–32 մլն դրամ։
Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։