ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանում օտարերկրյա պետությունների պլացդարմի ստեղծումը չի բխի տարածաշրջանային երկրների շահերից: Այդ մասին Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկությունը հայտնում է Tasnim իրանական գործակալությունը։
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,– հավելել է Փեզեշքիանը:
Իրանի նախագահը նաև ասել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի և վերահաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, սակայն միաժամանակ զգուշացրել տարածաշրջան կողմնակի ուժերի ներթափանցման տխուր հետևանքների մասին:
Այնուհետև, Փեզեշքիանը կոչ է արել ծրագրեր մշակել իսլամական երկրների միջև առևտրային փոխգործակցությունը հեշտացնելու համար, ինչպես նաև ողջունել Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ցամաքային երթուղիների ընդլայնման նախաձեռնությունները` հայտարարելով, որ Թեհրանը ձգտում է Բաքվի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկ ու գյուղատնտեսական ոլորտներում:
Նշենք, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերջին տարիներին լարված են մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին:Թեհրանը մտահոգված է Ադրբեջանի հնարավոր ռազմական և քաղաքական համագործակցությամբ այլ երկրների, առաջին հերթին՝ Իսրայելի և Թուրքիայի հետ, որոնք ուժեղացնում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Իրանի հատուկ դժգոհությունն է առաջացնում Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ուժերի համար պլացդարմ ստեղծելու հեռանկարը, ինչըԹեհրանը դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգության համար: