Հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի է արժանացել

Տարոն Աճեմօղլու
Նրան և երկու ամերիկացի գիտնականի մրցանակ են շնորհել աշխարհի երկրների գույքային անհավասարության պատճառներն ուսումնասիրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ում ապրող, Թուրքիայում ծնված տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Սայմոն Ջոնսոնի (երկուսն էլ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից են) և Ջեյմս Ռոբինսոնի (Չիկագոյի համալսարան) հետ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել։
Ինչպես նշվում է Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայքում, մրցանակը շնորհվել է աշխարհի երկրների գույքային անհավասարության պատճառներն ուսումնասիրելու համար։
Գիտնականների կարծիքով` կարևոր գործոններից մեկն այն է, թե որքանով են երկրում զարգացած հասարակական ինստիտուտները։ Ըստ նրանց` հետգաղութային դարաշրջանում հենց դրանից էր կախված, թե նախկին գաղութներից որոնք կդառնան տնտեսապես զարգացած, իսկ որոնք` ոչ։ Գիտնականները վստահեցրել են` աղքատությունից չեն կարող դուրս գալ այն երկրները, որտեղ գլխավոր նպատակն ի սկզբանե եղել է սահմանափակ թվով մարդկանց հարստանալը։ Մյուս կողմից զարգացում կարողացել են ապահովել այն գաղութները, որտեղ այս կամ այն չափով բիզնես վարելու հնարավորությունները բաց են եղել վերաբնակիչների լայն շերտերի համար։
Աճեմօղլուն ծնվել է Ստամբուլում։ Լոնդոնի տնտեսական դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ` Մասաչուսեթսի ինստիտուտում աշխատելու։
Հիշեցնենք, որ 2021 թվականին բժշկության ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի էր արժանացել ամերիկահայ գիտնական Արտեմ Պատապուտյանը ամերիկացի գիտնական Դեյվիդ Ջուլիուսի հետ:
Պատապուտյանն իր մրցանակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին։