Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր. ԿԳՄՍ նախարարը Աստանայում է

Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնը
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 14–16–ը Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Այդ նպատակով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում Աստանա է մեկնել նաև նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշվում է, որ մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի (գեղարվեստական ղեկավար` Նարինե Գրիգորյան) հյուրախաղը։
Հայաստանի մշակույթի օրերի հիմնական միջոցառումները կանցկացվեն Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում, որտեղ հոկտեմբերի 15–ին կկայանա մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100–ամյակին։
Հայաստանի ջազ նվագախմբի հետ միասին հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։
«Նույն օրը թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 16–ին Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական–դրամատիկական թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը՝ «Լյու Բյոֆ» ներկայացմամբ։
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։