ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Քվադրոբինգը հոգեբուժական հիվանդություն չէ, և այս հոգեբանական երևույթի հետ կապված իրավիճակն այնքան վտանգավոր չէ, որքան «թեժացվում» է հասարակական գիտակցություն ձևավորելու նպատակով: Նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։
«Ես հաստատ ասում եմ, որ դա (քվադրոբինգը. խմբ․) հոգեբուժական հիվանդություն չէ։ Բայց եթե մայրը երեխային վզափոկով է տանում, ապա այդպիսի մոր հարցով պետք է զբաղվել։ Ամենայն հավանականության, նա ինչ-որ հոգեբանական խնդիր ունի. այդպիսի բաներին հավանություն տա՞լ, սեփական երեխային այդպես ստորացնե՞լ․․․»,- ասաց Օնիշչենկոն տեսակամրջի ընթացքում։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր սերունդ ինչ-որ նոր բան է բերում, բողոքի արտահայտման ձևեր գտնում։ Բայց հասարակությունը ոչ միանշանակ է ընկալում քվադրոբերների պես երևույթները։ Բացի այդ, այս երևույթն օգտագործվում է որպես գլոբալ տեղեկատվական պատերազմի հերթական գործիք՝ հասարակության մեջ լարվածությունը սրելու համար։
ՌԴ իշխանությունների՝ հանրային կարծիքի վրա «սրերով հարձակվելու» և «ամեն ինչ արգելելու» պատրաստակամությունը Օնիշչենկոն չափից դուրս է համարում։ Միևնույն ժամանակ նա կողմ է սոցիալական ցանցերի և հասարակական կարծիք ձևավորող այլ հարթակների գործունեության խիստ պետական կարգավորմանը, ինչը կօգնի խուսափել քվադրոբինգի շուրջ իրավիճակի վտանգավոր սրացումից։
«Ես ինքս «Բիթլզի» տակ եմ մեծացել։ «Փրչոտ», երկար մազերով տղաները ինչ-որ բան էին գոռում։ Ժամանակին հիփիներն էին բողոքի խորհրդանիշը։ Այլ հարց է, որ հիմա նման մի բան մոդելավորելու հնարավորությունները շատ ավելի մեծ են»,-նշեց ակադեմիկոսը։
Քվադրոբինգը կամ քվադրոբիկան կենդանիների վարվելակերպի նմանակումն է, որով զբաղվում են հիմնականում երեխաները։ Օրինակ՝ համացանցում կադրեր են տարածվում, որոնցում երեխաները ընտանի կենդանիների կեր են ուտում, կատվի կամ շան դիմակներ դնում և չորեքթաթ վազվզում։ Շարժումը Ռուսաստանում բուռն քննարկման թեմա է դարձել ինչպես հասարակության, այնպես էլ խորհրդարանականների և քաղաքական գործիչների շրջանում:
Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կոլունովը դիմել է Ռուսաստանի Դաշնության երեխաների իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Ռուսաստանում պատիժ սահմանել (ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն) քվադրոբեր երեխաների ծնողների համար։ Ռուսաստանում քվադրոբերների ենթամշակույթն արգելելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել նաև սենատոր Նատալյա Կոսիխինան: