Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն այսօր առավոտից դարձյալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ֆիզիկայի ուսուցչին զենքերով ու դիմակներով ձերբակալելու անակնկալ գործողությունից դեռ ուշքի չեկած, հիմա էլ անակնկալի է բերել տնօրենի փոփոխության լուրը։
Տնօրենն ըստ օրենքի այլևս չի կարող պաշտոնավարել, քանի որ հասել է թոշակի տարիքի։ Մինչև նոր տնօրենի ընտրությունը պետք է նշանակվի պաշտոնակատար։ Դպրոցի կոլեկտիվը համոզված էր, որ սահմանված չափանիշներին համապատասխան աշխատակից ունեն և հենց նրան էլ կնշակեն որպես պաշտոնակատար։ Բայց կիրակի առավոտյան, համացանցից են տեղեկացել, որ փորձում են տնօրենի պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ինչին դեմ են ուսուցիչներն ու ծնողները։