Լիբանանում Իսրայելի բանակը 200 թիրախի վրա է հարձակվել և ոչնչացրել «Հզբոլլահի» մարտիկներին

Բեյրութ. Արխիվային լուսանկար
Իսրայելական օդուժը Լիբանանի հարավում և խորքում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակն անցած օրվա ընթացքում Լիբանանի տարբեր շրջաններում հարվածներ է հասցրել շուրջ 200 թիրախների և ոչնչացրել «Հզբոլլահ» շարժման տասնյակ մարտիկների, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ դիվիզիան շարունակում է թիրախային գործողությունները Լիբանանի հարավում։ Վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, հայտնաբերվել են թունելներ և տարբեր տեսակի սպառազինություններ, այդ թվում՝ հակատանկային հրթիռներ, զինամթերք և արձակման կայանքներ», - ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավում և խորքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ «ահաբեկչական բջիջներին, արձակման կայանքներին, հակատանկային հրթիռների տեղակայման վայրերին և զինյալների ենթակառուցվածքներին»:
Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը շարունակում է գործողությունները Գազայի հատվածում, որտեղ մեկ օրում գրոհել է «ահաբեկչական ենթակառուցվածքի շուրջ 40 օբյեկտ, ինչպես նաև ոչնչացվել են տասնյակ պաղեստինցի արմատականներ»:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ շարունակելով նաև օդային ռմբակոծություններն այդ երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ներառյալ շիա շարժման առաջնորդները, իսկ ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում՝ միաժամանակ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
ՄԱԿ-ի խաղաղապահները հրաժարվել են Իսրայելի պահանջով լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում