Հռոմի պապը կոչ է արել հարգել ՄԱԿ-ի խաղաղապահներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը. Արխիվային լուսանկար
Իսրայելական բանակի կողմից գնդակոծվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) շտաբը և հենակետերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձագանքել է իսրայելական զորքերի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի զորակազմի բազաների գնդակոծմանը՝ կոչ անելով հարգել խաղաղապահներին և դադարեցնել բռնությունը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Տագնապով շարունակում եմ հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում։ Թող խաղաղությունը լինի երկխոսության և Ժողովրդավարական ջանքերի միջոցով: Ես Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի տուժած բնակիչների հետ եմ և խնդրում եմ հարգել ՄԱԿ-ի ուժերին», - հայտարարել Է Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզից հետո:
Ավելի վաղ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել էին, որ իրենց շտաբը և հենակետերը գնդակոծվել են իսրայելական բանակի կողմից: Հոկտեմբերի 11-ի գնդակոծության հետևանքով Նակուրա բնակավայրում վիրավորվել էր երկու խաղաղապահ: Չնայած իսրայելցի զինվորականների պահանջներին՝ խաղաղապահները հրաժարվել են լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում շիա «Հզբոլլահ» շարժման դեմ՝ շարունակելով նաև ավիահարվածներ հասցնել հարևան պետության տարածքին: Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական։ Չնայած զգալի կորուստներին, այդ թվում ՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» շարունակում է ցամաքային մարտերն ու իսրայելական տարածքների հրթիռակոծությունները:
Իսրայելն իր ռազմագործողության գլխավոր նպատակն է համարում երկրի հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումը, որոնք տարհանվել են ի աջակցություն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Հզբոլլահի» իրականացրած գնդակոծությունների պատճառով: