ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության C խմբային փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու զրկվեց խմբում հաղթելու բոլոր հնարավորություններից։
Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպում
© Sputnik
Առաջին խաղակեսը շատ հետաքրքիր պայքարում անցավ։ Խաղի սկզբկում հավասար պայքար էր, ընդ որում` հյուրերը նույնիսկ կարողացան գրավել մեր դարպասը, բայց խաղից դուրս վիճակ արձանագրվեց։ Աստիճանաբար Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, ու եթե հաջողությունը երես չթեքեր մեր ֆուտբոլիստներից, ապա մինչև ընդմիջում հաշիվը պետք է բացվեր։ Արթուր Միրանյանը, Լուկաս Սելարայանը, Վարդան Բիչախչյանը պարբերաբար անհանգստացնում էին մրցակցի դարպասապահին։ Սակայն հաշիվը այդպես էլ առաջին խաղակեսում չբացվեց։ Ընդ որում, Ֆարերյան կղզիների հավաքականի հետ խաղի համեմատ, մեր թիմը լրիվ այլ ու ավելի լավ տեսք ուներ։
Առաջին խաղակեսի վիճակագրոությունը ցույց էր տալիս, որ մերոնք վաղ թե ուշ պետք է հասնեն հաջողության։ Ավելի շատ էին տիրել գնդակին, կատարել էին 8 հարված, որոնցից մեկն էր դիպուկ եղել, գրոհել 18 անգամ։ Մակեդոնացիների հարված չունեին մեր դարպասին ուղղված։ Բայց պետք էր զարգացնել այդ վիճակագրությունն ու գումարել դիպուկ ու արդյունավետ հարվածը։
Երկրորդ կեսի մեկնարկում դարպասը գրավելու հրաշալի հնարավորություն կորցրեց Արթուր Միրանյանը, հրաշալի խաղաց հյուրերի դարպասապահ Դմիտրիևսկին։ Իսկ քիչ անց հերթը Չանչարևիչին էր, որի գերազանց խաղի շնորհիվ խուսափեցինք գոլից Էնիս Բարդիի հարվածից հետո։ Բայց պաշտպանությունում կոպիտ սխալը հաջորդ դրվագում թույլ չտվեց նույնիսկ Չանչարևիչին փրկել մեր թիմին, ու Բոյան Միովսկին առաջ մղեց հյուրերին։ Իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Հյուսիսային Մակեդոնիան խփեց երկրորդ գնդակն ու ապահովեց հաղթանակը և այս խաղում և գործնականում խմբում։
Հայաստանի հավաքականը, առաջին խաղակեսում 30 րոպե շատ լավ ֆուտբոլ ցուցադրելուց հետո, չկարողացավ պահպանել նույն տեմպը։ Մեր ֆուտբոլիստների մոտ ակնհայտ էր հոգնածությունը։ Պետրակովի խոստացած ռևանշը չկայացավ։
Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպում
© Sputnik
Նշենք, որ երեկ` Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել էր, որ հավաքականը պարտք ունի հայ երկրպագուին և վաղվա խաղում ամեն ինչ անելու է ռևանշի հասնելու համար։
C լիգայի 4-րդ խմբում այս հաղթանակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ունի 10 միավոր։ Հայաստանի հավաքականը չորս խաղերում վաստակել է նույնքան միավոր։