Ստեփանավանի նախկին քաղաքապետը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ՀՀ դատախազություն

Սարգիս Ղարաքեշիշյանն ու նրա ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն ու նրա ընտանիքի անդամները հոկտեմբերի 15–ին, ժամը 14:30–ին հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Տեղեկությունը հրապարակված է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների հարթակում։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է դատախազության ծանուցագրի մեջ:
Նշվում է, որ դատախազություն են հրավիրվել նաև Ղարաքեշիշյանի կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:
Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից բռնագանձել գույք ու դրամական միջոցներ
Դատախազությունից հայտնել են, որ նրանք իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Նշենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին և որդիներին մեղադրանք է առաջադրված, ըստ որի՝ նախկին քաղաքապետը Ստեփանավանի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարբեր չափերով կտորները, ինչպես նաև համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց:
Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել