ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հրաժարվել են լքել իրենց դիրքերը երկրի հարավում, ինչպես դա պահանջել է իսրայելական բանակը: Այս մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հոկտեմբերի 10–ին հայտնել են իսրայելցի զինվորականների կողմից իրենց գլխավոր շտաբի և հենակետերի գնդակոծման մասին: Հոկտեմբերի 11–ին երկու խաղաղապահներ վիրավորվել են Իսրայելի բանակի կողմից Նակուրա բնակավայրում իրենց դիրքերի նոր գնդակոծություններից հետո:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2 հազար մարդ` ներառյալ շիաների շարժման առաջնորդները։ Ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: