ՀՀ–ում էլեկտրամոբիլները կթանկանա՞ն. 600 քվոտան կսպառվի ընդամենը 15-20 օրում

Էլեկտրամոբիլ
Էլեկտրամոբիլների ներկրմամբ զբաղվող Վարդան Մկրտչյանը վստահեցնում է, որ տարեկան քվոտայից մնացած 600 ավտոմեքենաների թիվը շատ ավելի փոքր է, քան իրական պահանջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Էլեկտրամոբիլների անմաքս ներկրման` այս տարվա համար մնացած 600 մեքենաների քվոտան կսպառվի ոչ թե մինչև տարեվերջ, այլ ընդամենը 15-20 օրվա ընթացքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս պնդումն արեց էլեկտրամոբիլների ներկրմամբ զբաղվող Վարդան Մկրտչյանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` 2024թ–ի համար ՀՀ–ին տրամադրվել էր ընդհանուր 8000 էլեկտրամոբիլների անմաքս ներկրման քվոտա։ Կառավարության որոշմամբ` տարվա համար արտոնյալ ներկրման քանակ էր սահմանվել 7400–ը, իսկ 600–ը թողնվել էր ռեզերվ՝ արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներին՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։ Կառավարության` հոկտեմբերի 10-ի նիստում ընդունված որոշմամբ, սակայն, ռեզերվ պահված 600 ավտոմեքենաների քվոտան ևս որոշվեց մինչև տարեվերջ օգտագործել նաև անհատ ներկրողների համար։
«Վիճակագրական միջին տվյալները վկայում են, որ օրական 20-30 էլեկտրամեքենա է ներկրվում Հայաստան։ Այսինքն` կարելի է ենթադրել, որ 600 ավտոմեքենաների քանակը շատ արագ կսպառվի»,– ասաց Մկրտչյանը` հավելելով, որ թիվը շատ ավելի փոքր է, քան իրական պահանջարկը, և անգամ այն ավտոմեքենաները, որոնք արդեն Հայաստան բերվելու ճանապարհին են, չեն հասցնի օգտվել մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
Հնարավոր կոռուպցիոն դրսևորումները կանխելու համար գործադիրը սահմանել է, որ արտոնյալ քվոտայից կօգտվեն այն առաջին 600 ներկրողները, որոնց ավտոմեքենաները ՀՀ սահման կհասնեն մինչև սահմանված քանակի սպառվելը։
Մկրտչյանը համաձայն չէ կառավարության այս կարգավորման հետ, քանի որ, նրա պնդմամբ, ավտոմեքենաները շատ հաճախ Հայաստան են հասնում ուշացումներով։ Եվ այդ պարագայում քվոտավորված քանակը սպառվելուց հետո ներկրողը փաստորեն ստիպված է լինելու ավտոմեքենայի արժեքի 15 տոկոսի չափով մաքսատուրք վճարել, ինչը անհավասար պայմաններ կստեղծի ներկրողների միջև։
«Ճիշտ կլիներ այնպիսի մի մեխանիզմ ներդնել, որ, կախված ճանապարհային ուշացումներից, այդ ռիսկերը ինչ–որ կերպ կրճատվեին։ Այլապես եթե գնորդից անկախ հանգամանքներում ավտոմեքենան հիմա մեկ ամիս էլ ուշանա, ընկնելու է լրացուցիչ մաքսատուրքի տակ»,– նշեց ներկրողը` հավելելով, որ դա կարող է նաև ներքին շուկայում 15 տոկոսանոց թանկացման պատճառ դառնալ։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվել է 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար այդ որոշմամբ սահմանվել էր 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև դրանից ամբողջ տարվա ընթացքում սպառվել էր միայն 2680ը, հաջորդ` 2023թ–ի համար Հայաստանին տրամադրվել էր 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չէր սպառվել (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ։
2024 և 2025թ–ի համար ևս Հայաստանին տրամադրվել է տարեկան 8000 ավտոմեքենայի անմաքս ներմուծման քվոտա։
ՊԵԿ տվյալներով` այս տարվասեպտեմբերի 16-ի դրությամբ ՀՀ մաքսակետերում ձևակերպվել և բաց է թողնվել 6524 էլեկտրամոբիլ, որոնցից 4658-ը (71.4%) ներմուծվել է ֆիզիկական անձանց կողմից, 1866-ը` (28.6%) իրավաբանական անձանց կողմից, այսինքն` վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծումները իրականացվել են հիմնականում ֆիզիկական անձանց կողմից։