ՀՀ նախագահը Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան

Հանդիպմանը երկու երկրների նախագահները կքննարկեն քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային–հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15–ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի նախագահի Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ–ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները, մասնավորապես կքննարկեն հայ–ղազախական համագործակցության ամրապնդումը քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային–հումանիտար ոլորտներում, անդրադարձ կլինի նաև միջազգային օրակարգին:
Հիշեցնենք` այս տարվա ապրիլի 15–ին Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան և հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Հավելենք, որ Տոկաևը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում պարբերաբար առաջարկում է իր երկրի օգնությունը։
Մայիսի 10-11-ին Ղազախստանի միջնորդությամբ Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո նույնպես Տոկաևը հայտարարեց, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։