ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Ես այստեղ (Աշխաբադում,–խմբ.) հանդիպեցի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ: Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,– մանրամասնել է ՀՀ նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան:
Ըստ Խաչատուրյանի` երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար:
«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,– ասել է Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ–թուրքական սահմանը բացելու հետ։
ՀՀ նախագահի գնահատմամբ՝ վերոնշյալ հարցի շուրջ արդեն իսկ առկա համաձայնությունների իրականացումը ևս մեծ առաջընթաց կլինի:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին։ 2023 թվականի հունվարին Անկարան հանեց բեռների ուղիղ ավիափոխադրումների արգելքը, սակայն հարաբերությունների կարգավորման հարցը դեռ լուծված չէ
2024–ի հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը: