Հայաստանում կրկին երկրաշարժ է եղել, այս անգամ` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երկրաշարժ է գրանցվել ՀՀ Վայոց Ձորում` Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․89⁰ և արևելյան երկայնության 45.44⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Արտաբույնք, Հերմոն և Արատես գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 11–ին նույնպես Հայաստանում երկրաշարժ էր եղել, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել էր 3 բալ:
Ցնցումները զգացել էին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։