ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռուսաստան․ վերջինս երախտագիտությամբ է ընդունել հրավերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Իրանի նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:
Երկու նախագահների բանակցություններն անցկացվել են Թուրքմենստանում կայացած «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովի շրջանակներում և տևել են շուրջ մեկ ժամ:
Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները քաղաքական և տնտեսական, բարեկամական և ռազմավարական բնույթ ունեն, նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը հիանալի փոխլրացնող ներուժ ունեն և կարող են օգնել միմյանց։ Ընդ որում, միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքորոշումները մոտ են:
«Տարածաշրջանում այժմ իրավիճակը բարդ է։ Ամերիկան և Եվրոպան չեն ցանկանում, որ տարածաշրջանը հանդարտվի», - ասել է Փեզեշքիանը՝ խոսելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի և Փեզեշքիանի հանդիպմանը կլինի «լուրջ խոսակցություն»: Առաջնորդները կանդրադառնան երկկողմ հարաբերությունների հարցերին, կքննարկեն մերձավորարևելյան իրավիճակը:
Պուտինը հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում է։ Ռուսական պետության ղեկավարը ելույթ է ունեցել «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը» համաժողովի լիագումար նիստում, որը նվիրված է թուրքմեն դասական, բանաստեղծ-մտածող Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին: