ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսաստանի վետերաններ» շարժումը դերասան Սթիվեն Սիգալին, որը վերջերս այցելել էր ռազմական հատուկ գործողության գոտի, առաջարկել է որպես կամավոր միանալ պաշտպանության նախարարության կազմավորումներից մեկին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով շարժման ղեկավար Իլդար Ռեզյապովի նամակին։
Ռեզյապովի այս առաջարկը հնչել է ի պատասխան Սիգալի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի, որում նա պատրաստակամություն է հայտնել մեռնել նրա և Ռուսաստանի համար:
«Երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը հավատարմության և հայրենասիրության հզոր խորհրդանիշ է։ Մենք պատրաստ ենք Ձեզ ցանկացած օգնություն ցուցաբերել կամավորական կազմավորումներից մեկին միանալու համար։ Ձեր աջակցությունը կամրապնդի մեր ընդհանուր հաղթանակի նկատմամբ վստահությունը», - ասված է նամակում։
Հոլիվուդյան ֆիլմերի նախկին աստղ Սթիվեն Սիգալը 2016 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, իսկ մի քանի տարի անց դարձել է Ռուսաստանի ԱԳՆ հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիգալն այցելել է Դոնեցկի մարզ և հանդիպել գերեվարված ուկրաինացի զինվորների հետ: