ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի տանը առանձնահատուկ շուքով կնշվի Երևանի 2806-ամյակը։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 13-ին` ժամը 19:00-ին, Երևանում Մոսկվայի տան կինոհամերգային դահլիճում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված ՀՀ մայրաքաղաքի 2806-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, «Մոսկվայի հայրենակցի տունը» և Երևանում Մոսկվայի տունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեկոյի առաջին մասում վիրտուոզ երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող Մադաթ Ավանեսովի գլխավորած խումբը կկատարի Երևանի և Մոսկվայի մասին հայտնի ու սիրված երգեր։ Միջոցառման հատուկ հյուրը կլինի հայտնի ռոք երգիչ, կոմպոզիտոր Գոռ Սուջյանը, որը կներկայացնի իր հայտնի «OneManBand» ծրագիրը։ Նշենք, որ երգիչը միայնակ նվագում է ամբողջ նվագախմբի փոխարեն։
Երևանի օրվա առիթով Մոսկվայի տան ցուցասրահում կբացվի նաև «Հին և նոր Երևանը» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ այցելուները արխիվային լուսանկարների և արդի լուսանկարիչների գործերի միջոցով կկարողանան ծանոթանալ Երևանի տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությանը։