Միայն չտես մարդիկ կարող են կպչել պաշտոնին` որպես կյանքի վերջին երազանք. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ մինչև երկրին վրա վրա հասած սպառնալիքները չվերանան, իր իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. 2018 թվականից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է եղել վերադառնալ քաղաքականություն։ Այս մասին նա լրագրողներին ասաց իր դեմ վերաբացված գործի երկրորդ դատական նիստից հետո։
«Ես 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Ես եղել եմ և՛ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնում, և պաշտոնն այն քաղցրությունը չունի։ Միայն չտես մարդիկ կարող են կպչել պաշտոնին` որպես կյանքի վերջին երազանք»,-ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ ինքը չի զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների, արհավիրքների տակ է հայտնվել, որ իրեն ստիպել է վերադառնալ քաղաքականություն։
«Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է` զբաղվել քաղաքականությամբ»,– ասաց ՀՀ 2–րդ նախագահը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:
Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։
300.1 հոդվածի արտահայտություններն ու Վենետիկի հանձնաժողովի սպասելի կարծիքը