ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ շուրջ 100 հրթիռ է արձակվել մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում` ներառյալ ամբողջ Գալիլեայի, Հայֆայի ծոցի շրջանները և Իզրեելի հովիտը:
«Երկու համազարկի արդյունքում արձանագրվել է Լիբանանի տարածքից արձակված շուրջ 20 և 80 արկ։ Դրանց մի մասը ոչնչացվել է։ Հայտնաբերվել են նաև ընկած արկեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին տվյալներ չկան։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հյուսիսի նետեր» գործողություն է սկսել Լիբանանում «Հզբոլլահի» կազմավորումների դեմ` զանգվածային ավիահարվածներ հասցնելով այդ կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի հետևանքով սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Կազմակերպությունը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։
Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը «Հզբոլլահի» թիրախների դեմ սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել Լիբանանի հարավի գտնվող սահմանային գոտում: