Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից բռնագանձել գույք ու դրամական միջոցներ

Սեդրակ Քոչարյանը
Սեդրակ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Կբռնագանձվեն ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցներ, ինչպես նաև անշարժ գույք ու բնակարանի գնման իրավունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու նրա կնոջից՝ Զարուհի Բադալյանից, պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ գույքեր, պարտատոմսեր ու այլ ֆինանսական միջոցներ։
Այսպիսով՝ դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, ինչպես նաև 11 իրավաբանական անձում մասնակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Ռոբերտ Քոչարյանի որդու ընտանիքից պահանջվում է բռնագանձել նաև 1 ,361 ,852 դոլարով և 985, 190, 729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 703.059 և 200.000.000 դրամի չափով ներդրված ավանդ, 8 մլրդ 235,4 մլն դրամի, 4, 007, 674 դոլարի, 588. 954 եվրոյի և 16.000.000 ռուբլու չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք։
«Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք՝ 1 մլրդ 286.6 մլն դրամ, տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք՝ 416.084.506 դրամ, տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք՝ 1 մլրդ 958.6 մլն դրամ», -ասված է հաղորդագրությունում։
Որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ նրանցից կբռնագանձվի 2 մլրդ 721.3 մլն դրամ, իսկ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար՝ 11 մլրդ 270.4 մլն դրամ։