Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ֆարերյան կղզիների ընտրանու հետ

Ազգային հավաքականների մակարդակով Հայաստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները չէին հանդիպել։ Անդրանիկ մրցավեճում ֆավորիտը մեր թիմն էր համարվում, բայց պարզ էր, որ հաղթելը հեշտ չի լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։
Հանդիպման նախօրեին Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները առողջ են, բայց հետո հայտնի դարձավ, որ Էդուարդ Սպերցյանը բաց է թողնելու խաղը վնասվածքի պատճառով։ Էդուարդի բացակայությունը բնականաբար փոխում էր մեր թիմի մարտավարությունը։ Ինչևէ, առաջին խաղակեսում պետք է ասել, որ մեր հավաքականը ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ ու դիպուկ հարվածներ ունեցանք դարպասին, բայց լուրջ առավելությունը չունեինք։
Առաջին խաղակեսի ընթացքի համար շատ տրամաբանական էր ոչ-ոքի արդյունքը։ Ի վերջո այն այդպես էլ ավարտվեց՝ 1։1։ Ֆարերյան կղզիների հավաքականի միակ դիպուկ հարվածը մեր դարպասին նաև արդյունավետ էր։ Հանդիպման 37-րդ րոպեին Յան Բենժամինսենը առաջ մղեց դաշտի տերերին։ Նշենք, որ այս դրվագում լավ չխաղաց մեր դարպասապահը՝ Օգնեն Չանչարևիչը։ Արդեն 25 խաղ է, ինչ մեր հավաքականը չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը։ Բայց առաջին խաղակեսի նախավերջին րոպեին էլ Լուկաս Սելարայանը տուգանայինից դիպուկ հարվածով խփեց պատասխան գնդակը։
Երկրորդ խաղակեսի սկզբում Պետրակովը դիմեց փոփոխությունների՝ փորձելով ուժեղացնել մեր թիմի հարձակողական գործողությունները։ Պետք է ասել, որ Էդգար Սևիկյանի և Արթուր Միրանյանի խաղադաշտ դուրս գալուց հետո դա ստացվեց, իսկ Սևիկյանը կարող էր առաջ մղել մեր թիմին, բայց դաշտի տերերին փրկեց դարպասապահը։ Թվում էր, որ մերոնք կհասնեն հաջողության։ Բայց Գեորգի Հարությունյանի կոպիտ սխալից հետո Ֆարերյան կղզիների հավաքականը նորից առաջ անցավ հաշվի մեջ։ Հիմնական ժամանակի ավարտին մնում էր 4 րոպե։ Ու մրցավարի կողմից ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Գոռ Մանվելյանը փրկեց մեր ընտրանուն պարտությունից՝ 2։2։
C լիգայի 4-րդ խմբում երրորդ տուրից հետո 7 միավորով առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որը երրորդ տուրում 3։0 հաշվով հաղթել է Լատվիայի հավաքականին։ 4 միավոր ունի Հայաստանի հավաքականը, Լատվիան վաստակել է 3, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականը 2 միավոր։
Չորրորդ տուրում Ալեքսանդր Պետրակովի սաները Երևանում հյուրընկալելու են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Խաղը կկայանա հոկտեմբերի 13-ին: